Արդշինբանկը դարձել է «Իմ անտառ Հայաստան» խոշոր նախագծի մասնակիցներից մեկը, որն իրականացվում է 18 առևտրային բանկերի, Կենտրոնական բանկի և Բանկերի միության կողմից՝ ազգային արժույթի՝ հայկական դրամի 30-ամյակի կապակցությամբ։ Միջոցառումը տեղի ունեցավ ապրիլի 29-ին Ջրաշենի «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության անտառային գոտում։ Ծրագրի պայմանների համաձայն՝ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայնքներում կտնկվի շուրջ 160 հազար ծառ, ինչը խթան կհանդիսանա մարզում 50 հա ընդհանուր մակերեսով նոր անտառային տարածքի առաջացմանը։ Ծրագրի կազմակերպիչները վստահ են, որ նորատունկ անտառը խորհրդանշելու է մեր ժողովրդի մշտական կենսական արժեքները, այդ արժեքների վառ բաղադրիչը ազգային արժույթն է՝ դրամը։
«Կարծում եմ՝ դրամի 30-ամյակը մի ամբողջ անտառ տնկելով նշելը հիանալի գաղափար է»,- ասաց Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը,- «Մեր բանկային համակարգի համատեղ ջանքերով հիսուն հեկտար տարածքում տնկվել են կաղնու, թխկիի, հաճարենու, լորենու, վայրի տանձի, վայրի խնձորի, ընկուզենու, կեչու և այլ ծառատեսակների տնկիներ։ Սրա շնորհիվ Լոռու մարզի անտառային ֆոնդը նոր ուժ ու բովանդակություն է ձեռք բերում։ Յուրաքանչյուր տնկված ծառ նոր քայլ է դեպի մեր երկրի եզակի բնության առողջ ապագան: Կանցնի ընդամենը մի քանի տարի, և այս տնկարկները կդառնան լիարժեք անտառ։ Ես այս հարցում կասկած չունեմ, ինչպես որ չեմ կասկածում, որ հայկական դրամը մնալու է մեր պետականության հիմնական արժեքներից մեկը»,- նշեց Ա.Անանյանը։