Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում բացվել է Արդշինբանկի նոր՝ «Սարդարապատ» մասնաճյուղը։ Խոսելով նոր մասնաճյուղի բացման մասին՝ Արդշինբանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը մասնավորապես ասաց. ««Սարդարապատ» մասնաճյուղը Արդշինբանկի 64-րդ մասնաճյուղն է, իսկ Արմավիրի մարզում ՝ թվով չորրորդը։ Այն բացելու համար ընտրեցինք Մեծամորի համայնքում գտնվող Արմավիր գյուղը, որը կսպասարկի համայնքում ներառված 25 գյուղերը՝ հաճախորդներին մատուցելով բարձր որակի ունիվերսալ ծառայություններ»։
Արտակ Խաչատրյանը ընդգծել է նաեւ, որ Արդշինբանկն ունի մասնաճյուղային ցանցի ընդլայնման քաղաքականություն, ինչն անում է թվային բանկային ծառայությունների զարգացմանը զուգահեռ. «Մասնաճյուղերի ընդլայնման նպատակը հաճախորդների համար հարմարավետություն ապահովելն է, դրա համար նախատեսում ենք մասնաճյուղեր բացել նաև գյուղական համայնքներում: Դա մեծ հարմարավետություն է ստեղծում նաև մեր կենսաթոշակառու հաճախորդների համար»։
Բացմանը ներկա էր Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, ըստ նրա՝ գյուղական համայնքի բնակիչներն այս մասնաճյուղի կարիքը զգում էին: «Մեր բնակիչների համար սա խիստ հարմարավետ է, նրանք կօգտվեն բանկային ծառայություններից հենց համայնքում և այլևս ստիպված չեն լինի մարզկենտրոն հասնել»։
«Սարդարապատ» նոր մասնաճյուղի հասցեն՝ գ. Արմավիր, 1-ին փողոց, 42, աշխատանքային օրերը՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:15-ից 16:45-ը, շաբաթ օրերին՝ 10:15-ից 13:45-ը: Մասնաճյուղում գործում է վճարման տերմինալ, որի միջոցով քաղաքացիները կարող են շուրջօրյա իրականացնել տարբեր գործարքներ՝ կատարել կոմունալ վճարումներ, մարել վարկեր, մուտքագրել գումար ընթացիկ և քարտային հաշիվներին, համալրել ավանդները:
Արդշինբանկը նախատեսում է առաջիկայում բացել ևս երկու մասնաճյուղ: